Ես բամբասանքներին և բանսարկություններին չեմ պատասխանում. Արմեն Ամիրյանը՝ իր հնարավոր հրաժարականի մասին
Ես բամբասանքներին և բանսարկություններին չեմ պատասխանում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս կերպ արձագանքեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մամուլի տեղեկություններին, որ իշխանությունները դժգոհ են իր աշխատանքից:
Հարցին, թե իր կարծիքով իր աշխատանքից գո՞հ են, Ամիրյանը պատասխանեց. «Հարցրեք նրանց, ում գոհունակությունն ուզում եք իմանալ»։
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է՝ դժգոհությունները կապված են «Խավարում» ցուցահանդեսի փակման, համերգի չկայացման հետ, Ամիրյանը պատասխանեց. «Ցուցահանդեսի և համերգի չեղարկումը մեր կառույցի հետ կապ չունի: Դա էժանագին PR է»:
Նախարարը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ասաց, թե ինքը շատերի հետ է հանդիպումներ ունենում և չի պատրաստվում բարձրաձայնել դրանց մասին. «Այն հանդիպումները, որոնք լուսաբանվում են, լուսաբանվում են»։
Ինչ վերաբերում է հարցին, թե կա՞ ցանկություն 2018 թվականից հետո էլ շարունակել պաշտոնավարել, Արմեն Ամիրյանը շեշտեց՝ կգա ժամանակը և ամեն ինչ կիմանաք: Միևնույն ժամանակ նկատեց, որ իր ցանկությունը է կախված հասարակությունից: