Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում առաջադրված թեկնածուների մեծամասնությունը ՀՀԿ–ից են
2017թ. նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի թվով 66 համայնքներում, իսկ Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Շիրակամուտ և Սյունիքի մարզի Գորիս համայնքներում անցկացվելու են արտահերթ ընտրություններ:
ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն` նշված համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 17 համայնքում՝ միայն ավագանու անդամների և 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
ՏԻՄ ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 135 թեկնածու, որից ՀՀԿ՝ 68, անկուսակցական՝ 56, ԲՀԿ՝ 6, ՀՅԴ՝ 3, Քաղաքացիական պայմանագիր՝ 1 և Համերաշխություն կուսակցության 1 թեկնածու:
Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է ընդամենը 3 կին թեկնածու՝ Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղում ՀՀԿ-ական Կարինե Մարտիրոսյանը, Գեղամասարում ՀՀԿ-ական թեկնածու Զոյա Գևորգյանը և Տավուշի մարզի Աչաջուր համայնքում ՀՀԿ-ական, ինքնաառաջադրված Տաթև Գասպարյանը:
Նշենք նաև, որ ընտրություններին մասնակցում են ինչպես գործող, այնպես էլ նախկին համայնքի ղեկավարներ:
Հասմիկ Սարգսյան