5-ամյա բրիտանուհին նամակ է գրել Էլիզաբեթ 2–րդին և կարապ է խնդրել. թագուհին արձագանքել է
Մեծ Բրիտանիայում տարածված կարծիք կա, որ երկրի բոլոր կարապներն օրենքի համաձայն պատկանում են թագուհուն:
Ինչպես հայտնում է The Independent-ը, այդ իմանալով՝ 5-ամյա Լինդսի Սիմփսոնը նամակ է գրել Նորին Մեծությանը՝ տանը կարապ պահելու թույլտվություն խնդրելու համար: Նամակում աղջնակը ներկայացրել է իր սերը կարապների նկատմամբ և թռչունին լոգարանում պահելու իր ծրագրերը:
Պատասխանելով փոքրիկ բրիտանուհու նամակին՝ Բուքինգհեմյան պալատի խոսնակը հայտնել է, որ հանրության շրջանում թյուրըմբռնում է տարածված այն մասին, որ թագավորության բոլոր կարապները պատկանում են թագուհուն:
Նամակում նշվում է, որ Նորին Մեծությանը միայն համր կարապներ են պատկանում, որոնց նկատմամբ վերահսկողություն է սահմանվում Թեմզա գետի որոշ հատվածներում:
«Պետք է հիշեցնենք, որ որպես ազգային վայրի թռչուն՝ կարապները գտնվում են Վայրի բնության մասին օրենքի պաշտպանության տակ 1981-ից ի վեր:
Թագուհին հիացել է՝ իմանալով ազգային բնության նկատմամբ քո հետաքրքրության մասին և մեզ գրելու բարի դրսևորմամբ», - ասվում է նամակում: