ԵԽԽՎ նախագահի 2 թեկնածուներից հայաստանյան պատվիրակությունը հավանաբար կպաշտպանի կիպրոսցի Ստելլա Կիրիակիդեսի թեկնածությունը. Ա. Հովհաննիսյան
«Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընթացակարգի կանոններին համապատասխան՝ Ստրասբուրգում հոկտեմբերի 9-ին գաղտնի քվեարկությամբ կընտրվի ԵԽԽՎ նախագահ: ԵԺԿ-ից առաջադրված ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականից հետո այդ պաշտոնում է առաջադրվել 2 թեկնածու՝ Ստելլա Կիրիակիդեսը՝ Կիպրոսից և Էմանուելիսա Զինգերիսան՝ Լիտվայից։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Արփինե Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հայկական պատվիրակությունը, ամենայն հավանականությամբ, կպաշտպանի Կիպրոսը ներկայացնող Ստելլա Կիրիակիդեսի թեկնածությունը:
«Բնականաբար, քվեարկությունից առաջ կգումարվի պատվիրակության նիստ, որոշում կկայացվի, բայց, հաշվի առնելով երկու պատվիրակների միջև նախապատվությունը, իրենց անցած ուղին խորհրդարանական վեհաժողովում և ամենակարևորը`անկաշառության հանգամանքը, կարծում եմ, ամենայն հավանականությամբ, մեր պատվիրակությունը կպաշտպանի կիպրոսցի թեկնածու Ստելլա Կիրիակիդեսի թեկնածությունը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ԵԺԿ-ից առաջադրված ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն իր հրաժարականի մասին հայտնել էր Twitter-յան էջում` գրառում թողնելով և հայտնելով, որ անձնական պատճառներով որոշել է այլևս չնախագահել ԵԽԽՎ–ում:
Նշենք, որ ըստ հայաստանյան պատվիրակների և քաղաքագետների՝ Ագրամունտին, որի իմփիչմենթի գործընթացը դեռ ամռանն էր սկսվել, խորհուրդ էին տվել խուսափել նվաստացման վերջին արարից, որն Ագրամունտին սպասում էր դեկտեմբերի 9-ին`ԵԽԽՎ լիագումար նիստի բացման ժամանակ: Նիստի օրակարգի առաջին հարցը Ագրամունտի հրաժարականի քվեարկությունը պետք է լիներ:
Հիշեցնենք նաև, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը պաշտոնապես հաստատել է Պեդրո Ագրամունտի հրաժարականը։ Նախագահի պարտականություններն ավտոմատ իրականացնելու է ավագ փոխնախագահ բրիտանացի Ռոջեր Գեյլը: