Մենք ուզում ենք և՛ ջուրը չօգտագործել, և՛ ձուկ արտադրել, և այս պայքարի մեջ չենք կարողանում ո՛չ ջուրը տնտեսել, ո՛չ ձուկը զարգացնել. գյուղնախարար
Ես նախկիններին չեմ քննադատում, այն, ինչ արվել է նախկինում, նախապատրաստական քայլ է եղել, որ կարողանանք այս ծրագրերն իրականացնել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսկերպ արձագանքեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հարցին, որ նախկին նախարարները չէի՞ն պատժում ձկնարտադրողներին, որոնք ջուրն անօրինական էին օգտագործում:
«Եթե մենք այդպես ենք վերաբերվում նախկիններին, ապա հաջորդ եկողն էլ կարող է ասել, որ նախկինը վատ է աշխատել»,- ասաց նա:
Tert.am-ի հարցին՝ ինչո՞ւ է Ադրբեջանը Հայաստանին անցնում ձկնարտադրությամբ ու արտահանմամբ, ե՞րբ կունենանք մրցունակ ձկնարտադրություն, Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Մենք միշտ ցանկանում ենք 2 տեղ շահել, ուզում ենք ջուրը չօգտագործենք և ձուկն արտադրենք ու արտահենք: Այս պայքարի մեջ մենք միշտ չենք կարողանում ո՛չ ջուրը տնտեսել, ո՛չ ձուկը զարգացնել, որովհետև չգիտենք, թե որն է ավելի կարևոր մեզ համար»:
Նախարարը նշեց, որ Բնապահպանության նախարարության հետ համատեղ բազմաթիվ քայլեր են անում, որ ստորգետնյա ջրի օգտագործումը նվազեցվի, որպեսզի Արարատյան դաշտավայրի հողատարածքները չվատթարանան:
«Ձկնաբուծությունը զարգանում է, արտահանումը՝ աճում: Մենք դեռ շատ անելիքներ ունենք, ծրագիր կա նաև, որ ձկնագործության համար օգտագործվող ջրերն օգտագործվեն ոռոգման համար: Նախագիծը ներդրումների կարիք ունի, Բնապահպանության նախարարությունն է ներկայացնում: Կարող եմ ասել, որ մեկ տարվա ընթացքում կրճատվել է ստորգետնյա ջրերի օգտագործումը, փակվել են որոշ հորեր, իսկ ձկնաբուծությունը դրանից չի տուժել»,-ասաց նա։