Ամեն թանկացման մեջ պետք չէ վատ բան տեսնել. Իգնատի Առաքելյան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը գտնում է, որ տեղական մսի գնի թանկացման հարցով խուճապային իրավիճակի կարիք չկա: Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, թե թանկացումը կարող է բերել ներդրումների:
«Դեմ են նրան, որ ստեղծեն պանիկա, որ լինի մի իրավիճակ երկրում, թե` վայ, միսը թանկացավ, ինչ ենք անելու, ոչ մի բան էլ չենք անելու: Թանկացումը կբերի ներդրումներ, կկարգավորի ամեն ինչ»,-շարունակեց Իգնատի Առաքելյանը:
Դիտարկմանը, որ տեսակետ կա, թե մսի գնի բարձրացումը պայմանավորված է նաև երաշտով, անասնակերի թանկացմամբ, իսկ նախարարությունը խոտհունձ պատշաճ չի կազմակերպել, Առաքելյանն արձագանքեց. «Գյուղացիները կովի, ոչխարի գինը չեն թանկացրել, չնայած անասնակերը թանկացել է: Խոզի միսը միջազգային շուկայում թանկացել է: Ոչխարի մսի արտահանումը կրկնապատկվել է: Տավարի միսն այդքան չէ` 150 դրամի չափով։ Դա համարել թանկացո՞ւմ, դա թանկացում չէ, շուկայի կարգավորում է»:
Նախարարը դժվարացավ պատասխանել հարցին՝ արդյոք գարնանը շեշտակի կթանկանա՞ խոշոր եղջերավորների միսը. «Եթե կերի պակասություն լինի, մենք կներմուծենք»,- շարունակեց նախարարը:
Նախարարի խոսքով, եթե Հայաստանում թռչնամիս արտադրվի, գործարաններ կառուցվեն, մսի գինն էլ կթանկանա, աշխատատեղեր կստեղծվեն, մենք կդառնանք ավելի ինքնաբավ. «Դա վա՞տ է, թե՞ լավ: Ամեն թանկացման մեջ պետք չէ վատ բան տեսնել»,-ընդգծեց Իգնատի Առաքելյանը: