Թբիլիսիում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ընդդիմադիրների միջև
Թբիլիսիում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ընդդիմադիրների միջև: Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ ոստիկանության և ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստների միջև բախումների ընթացքում ութ մարդ է ձերբակալվել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ակտիվիստների բողոքը կապված է կենտրոնական Ազատության հրապարակի վրա գտնվող հողակտորը միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ կապված ընկերությանը հանձնելու իշխանությունների որոշման հետ։
Բախումները սկսվել են, երբ ոստիկանությունը հրաժարվել է քաղաքային խորհրդի նիստերի դահլիճ թույլ տալ ընդդիմադիր կուսակցություններից Վրաստանի խորհրդարանի անդամներին: Սահմանադրության համաձայն՝ նրանք կարող են մասնակցել տեղական ներկայացուցչական մարմինների նիստերին «խորհրդակցական ձայնի» իրավունքով: Բայց Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահը հայտարարել է, որ հատուկ նիստը, որի ընթացքում որոշվում էր Իվանիշվիլիի ընկերություններից մեկին 7-աստղանի հյուրանոցի ավտոկայանատեղի կառուցման համար հողակտորը փոխանցելու հարցը, փակ է լինելու:
Ընդդիմադիր պատգամավորները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան իրենց աջակիցների օգնությամբ, բայց ոստիկանությունը տեղի չի տվել և մի քանի ակտիվիստ է ձերբակալել:
Չնայած քաղաքային խորհրդի ընդդիմադիր պատգամավորների բողոքներին՝ «Վրացական երազանք» կուսակցությունից իշխող մեծամասնությունն այնուամենայնիվ հաստատել է ընկերությանը հողակտորի փոխանցման մասին որոշումը՝ հայտարարելով, որ դա անհրաժեշտ է հազարավոր նոր աշխատատեղեր ստեղծելու համար:
Ընդ որում՝ 1900 քառակուսի մետր տարածքը փոխանցվել է ընկերությանը 1 լարիի դիմաց: