Հնդկաստանի գերագույն դատարանն անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերությունը հավասարազոր է դարձրել բռնաբարությանը
Հնդկաստանի գերագույն դատարանը լրացրել է օրենսդրական բացը՝ վճռելով, որ տղամարդու ու 18 տարեկանից փոքր անչափահաս աղջկա միջև սեռական հարաբերությունը հավասարազոր է բռնաբարության:
Ինչպես նշում է BBC-ն, նախքան այս, օրենքը տղամարդու և 15 տարին բոլորած աղջկա միջև սեռական հարաբերությունը թույլատրելի էր համարում ու դա չէր դիտարկում որպես բռնաբարություն:
Այժմ դատարանը վճռել է, որ 18 տարեկանը չբոլորած աղջիկները կարող են դատի տալ իրենց ամուսիններին՝ բռնի կերպով սեռական հարաբերությունների մեջ մտնելու համար:
Եվ թեպետ ակտիվիստները դատավճիռը բեկումնային են համարում, այնուհանդերձ՝ շատերը կարծում են, որ այն դժվարիրագործելի կլինի մի երկրում, որտեղ մանկահասակ ամուսնությունների մակարդակը շատ բարձր է:
«Դատարաններն ու ոստիկանությունները չեն կարող հետևել մարդկանց ննջասենյակներին: Մանկահասակ աղջիկները, որոնք ծնողների նախաձեռնությամբ ամուսնացել են, դժվար թե քաջություն ունենան ամուսնու դեմ բողոքով դիմել ոստիկանություն կամ դատարան»,-նշել է ակտիվիստներից մեկը:
Աղբյուրը հավելում է, որ Հնդկաստանի կառավարության համոզմամբ՝ մանկահասակ ամուսնությունների պրակտիկան խոչընդոտ է բազմաթիվ ոլորտների զարգացման համար՝ այդ թվում նաև աղքատությունն ու սովը վերացնելու, գնեդերային հավասարություն քարոզելու, երեխաներին պաշտպանելու ու կանանց առողջությունը բարելավելու հարցերում: