Աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը դադարեցնելու որևէ իրավական ակտ այս պահին չկա. Տրանսպորտի նախարարության պարզաբանումը
Վերջին օրերին մի շարք զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ են գտել հրապարակումներ և մտահոգություններ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա շահագործման հնարավոր սահմանափակումների մասին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել այս առնչությամբ, որում, մասնավորապես, նշված է.
«Հաշվի առնելով վաղաժամ, երբեմն հակասական փաստարկները` հարկ ենք համարում պարզաբանել, որ այս պահին աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը դադարեցնելու, դրանց սեփականատերերի համար պայմաններ սահմանող կամ նրանց իրավունքները սահմանափակող որևէ իրավական ակտ չկա։
Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կարգավորման բարեփոխումների համատեքստում քննարկվում են խնդրի կարգավորման բոլոր տարբերակները՝ դժվարություններ չստեղծելով այդ տրանսպորտային միջոցների գործող սեփականատերերի համար:
Ընդ որում` այդ քննարկումները ներառում են ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացրած առաջարկները, որոնք ավարտուն տեսքի բերվելուց և ամփոփումներից հետո սահմանված կարգով կներկայացվեն թե՛ հասարակությանը և թե՛ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին: