Սեռական ոտնձգությունների համար մեղադրվող Հարվի Վայնշտեյնն իր դեմ դավադրության համար մեղադրել է եղբորը
Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, որը հայտնվել է սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալի կենտրոնում, տեղի ունեցածի համար մեղադրել է իր եղբորը, հայտնում է TMZ-ն` վկայակոչելով աղբյուրներին:
Հարվիի խոսքով՝ հենց իր եղբայրը՝ Բոբ Վայնշտեյնն է The New York Times թերթին փոխանցել պրոդյուսերի պահվածքի մասին «բամբասանքները»:
Ավելի ուշ թերթի լրագրողները հրապարակել են հոդված, որում Հարվի Վայնշտեյնը մեղադրվել է սեռական ոտնձգությունների համար:
Ինչպես նշել է պրոդյուսերը, եղբայրը դիմել է այդ քայլին Հարվիին իր իսկ հիմնած ընկերությունից հանելու համար:
Բոբ Վայնշտեյնը, ի պատասխան եղբոր մեղադրանքների, հայտարարել է, որ նա «հիվանդ մարդ է», որը փորձում է արդարանալ կեղծ պատմություններով:
The New York Times թերթի տեղեկություններով, որը հրապարակել է սեփական հետաքննության արդյունքները, Վայնշտեյնը տասնամյակներ շարունակ՝ սկսած մոտ 1990 թվականից, ոտնձգություններ է կատարել հայտնի կանանց նկատմամբ՝ նրանց խոստանալով օգնել կարիերայի հարցում: Սեռական ոտնձգությունների են ենթարկվել հայտնի դերասանուհիներ, պրոդյուսերի օգնականները և այլք:
Ավելի վաղ մի քանի հայտնի դերասանուհի՝ այդ թվում Գվինեթ Փելթրոուն և Անջելինա Ջոլին հայտնել են, որ իրենց կարիերայի սկզբում ոտնձգությունների են ենթարկվել Վայնշտեյնի կողմից: