Ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագծով շարունակում ենք վնասել տուժողին. պետք է տնից տեղափոխել բռնարարին, ոչ թե զոհին. Միրա Անտոնյան (տեսանյութ)
«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծում իներցիայով առաջնորդված կետեր կան:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը:
«Մեծ ակնկալիքներ չունեմ, որ նախագծի ընդունումից հետո կանանց շրջանում քաջություն ավելանա, կամ օրենքի շնորհիվ նման իրավիճակների զոհերն ավելի համարձակ լինեն և ինքնապաշտպանության մեխանիզմներն ավելանան: Անձամբ ես դժգոհություն ունեմ օրենքի նախագծից` կապված այն հանգամանքի հետ, որ մենք իներցիայով շարունակում ենք տուժել տուժողին: Ստացվում է հետևյալը, որ եթե որևէ միջոց չի օգնում, ապա զոհին տեղափոխում ենք ապաստարան, իսկ ինչո՞ւ բռնարարին չտեղափոխենք ընտանիքից, ինչո՞ւ թույլ տանք, որ բռնարարը շարունակի ապրել տանը, շարունակի բռնանալ ուրիշ անդամների դեմ, մյուսներն ուղղակի կյանքը փրկելու նպատակով այդ տարածքից հեռացվեն»,-ասաց Անտոնյանը:
Նա նշեց, որ համաձայն չէ տիրող զոհապաշտպան իներցիայի հետ. «Ի՞նչ ենք անում ընտանեկան բռնության դեպքում, ի՞նչ է լինում այն մարդկանց հետ, ում դեմ բռնություն է կիրառվել։ Ինչ են անում այն մարդիկ, ովքեր պետք է պաշտպանեին բռնության ենթարկվածին, ոչ թե բռնարարին: Միշտ էլ այդպես է եղել, այնպես չէ, որ օրենքի ընդունումից հետո նոր երեխաներին կտանեն ապաստարան, մենք տարիներ շարունակ այդ պրակտիկան ունեցել ենք: Որևէ մեկը թող չհուզվի այս նախագծից, թող հուզվի ներկայիս իրավիճակից»:
Անտոնյանի խոսքով՝ մանկատներում այսօր բազմաթիվ երեխաներ կան, և երբ պատասխանատու մարմինները ոչինչ չեն կարողացել անել՝ խնամակալ գտնել և այլն, երեխային տարել են մանկատուն:
Բանախոսն ընդգծեց, որ այդ ապահովությունը տևում է մինչև 18 տարեկանը, դրանից հետո այդ նույն ապաստանված երեխան շատ ավելի նոր պրոբլեմներով դուրս է գալիս և գնում այդ անապահով ընտանիքիները. «Այստեղ տրամաբանության մեջ խնդիր ունենք: Սխալ է, որ երեխաներն են դուրս բերվում ընտանիքից, նրանք պետք է մնան և պետք է գտնել որևէ մեկին, ով կխնամի այդ երեխաներին: Մենք չենք ուզում խորանալ խնդրի մեջ, և զոհ երեխաներին տեղափոխում ենք պիտակավորված հաստատություններ»:
Մանրամասները` տեսանյութում: