Մասնագետները հետազոտել են Լաս Վեգասի հրաձիգի ուղեղը
Հոկտեմբերի սկզբին Լաս Վեգասի Mandalay Bay հյուրանոց-խաղատան 32-րդ հարկից ամբոխի ուղղությամբ կրակ բացած ու 59 մարդու կյանք խլած Սթիվեն Փեդոքի դիահերձման ժամանակ մասնագետներն ուսումնասիրել են նրա ուղեղը:
Ինչպես տեղեկացնում է The New York Post-ը, դրա արդյունքում որևէ շոկային բացահայտում չի արվել, անոմալիա չի արձանագրվել:
Քլարկ շրջանի շերիֆ Ջո Լոմբարդոն մանրամասնել է, որ 64-ամյա Փեդոքի իրագործած ոճրագործության դրդապատճառները շարունակում են անհայտ մնալ: Այնուհանդերձ՝ բժիշկները շարունակում են հետազոտությունները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Լաս Վեգասում տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած հրաձիգի հյուրանոցային համարում գտնված գրության մեջ մարդասպանը կատարել է տեխնիկական հաշվարկներ, որպեսզի կարողանա հնարավորինս շատ մարդ սպանել:
Փեդոքը թղթի վրա գրանցել էր իր գտնվելու վայրի բարձրությունն ու հեռավորությունն ու փորձել հաշվարկել, թե որ դիրքից ավելի հարմար կլինի հնարավորինս շատ մարդ սպանել:
Հաղորդվել էր, որ քանթրի ոճի երաժշտության փառատոնի այցելուների ուղղությամբ կրակ բացած անձը մուլտիմիլիոնատեր է եղել: 64-ամյա Փեդոքի եղբայրը պատմել է, որ նա միլիոններ է աշխատել անշարժ գույքի գործարքներից: Նա նաև երկու ինքնաթիռ ուներ և մի քանի սեփականություն ԱՄՆ-ում։ Ըստ հրաձիգի եղբոր՝ նա նորմալ մարդ էր թվում՝ խաղամոլությունից զատ:
Այնուամենայնիվ, նա գաղտնի կերպով հավաքել էր 42 միավոր հրազենից բաղկացած հսկայական զինանոց: Այդ հրացաններից 23-ը մի քանի օրվա ընթացքում տեղափոխել է հյուրանոցային համար:
Իրավապահների փոխանցմամբ՝ հրաձիգն ինքնասպան է եղել: