Ո՞ւմ է պարտական Թուրքիան ԻՊ-ի կողմից հարձակումների դադարեցման համար. ԱՆկարայում ԱՄՆ դեսպանի հրաժեշտի խոսքը
Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը Թուրքիան լքելուց առաջ հանդես է եկել հատուկ ելույթով և հիշեցրել Թուրքիայի իշխանություններին, որ այդ երկիրը շատ բան է շահել ամենատարբեր ոլորտներում թուրք - ամերիկյան համագործակցությունից:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, Բասը դիմելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ակնարկել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ Թուրքիայի տարածքում հարձակումների դադարեցման համար թուրքական կողմը նույնպես պարտական է ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ԱՄՆ-ի հետ լայն համագործակցությանը:
«9.5 ամիս Թուրքիայում ահաբեկչական հարձակում տեղի չունեցավ: Դա այն բանից չէ, որ ԻՊ-ը հրաժարվել է ձեր դեմ գործելուց: Դա նույնպես Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հակաահաբեկչական ծրագրերում համատեղ աշխատանքի արդյունքն է», - ասել է Բասը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցը ձերբակալվել էր Ստամբուլում՝ անցյալ տարի տապալված հեղաշրջման համար մեղադրվող ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեղադրանքով: Դրանից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրման դադարեցման մասին:
Նշենք, որ Ջոն Բասն Անկարայից կուղևորվի Աֆղանստան: