ՊՆ-ն փոփոխություններ է առաջարկում ԶՈւ կանոնադրությունում
Այսօր կառավարությունը հաստատեց «ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի», «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին», «Ռազմական ոստիկանության մասին» և այլ օրենքներում փոփոխություններ կատարելու որոշման նախագծերը, որի արդյունքում «65 ռազմական գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործողության ժամկետը երկարաձգվեց 5 տարի ժամկետով:
Նախագիծը ներկայացրեց Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը: Ըստ նախագծի հիմնավորման՝ նշված գործարանը 2012 թվականից առ այսօր կատարել է զենքի արտադրության 957 միլիոն 893 հազար դրամի (առանց ԱԱՀ-ի) պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանքներ։
Այսպիսով՝ որոշման նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումները և զարգացումը արդյունավետ իրականացնել:
Արտակ Դավթյանը ներկայացրեց նաև «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու», «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին», «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքների նախագծերում փոփոխություններ կատարելու ՊՆ ներկայացրած նախագիծը։
Նա նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված օրենքի մի շարք դրույթների վերանայման անհրաժեշտությամբ:
Այսպիսով` ըստ նախագծի՝ «ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքում վերանայման կարիք ունեն զինծառայողների համազգեստի և տարբերանշանների, զորամասի մարտական դրոշի նկարագրի հաստատման ու զորամասին հանձնման հետ կապված դրույթները»,-նշվում է նախագծում։
Փոփոխություններ են նախատեսվում նաև «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում, որը ևս պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: