Facebook-ը վաճառքի կհանի վիրտուալ իրականության նոր սարք
Ամերիկյան Facebook Inc ընկերությունը պատրաստվում է վաճառքի հանել վիրտուալ իրականության նոր սարք, որն աշխատելու համար առանձին համակարգչից միացվելու կարիք չի ունենա:
Ինչպես նշում է Reuters-ը, այս մասին հայտարարել է ընկերության համահիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը: Նրա խոսքով՝ Oculus Go սարքը կարժենա 199 դոլար: Այն վաճառքում կհայտնվի տարեսկզբին:
Ցուկերբերգը մանրամասնել է, որ վիրտուալ իրականության նոր սարքը մարդուն հնարավորություն է տալիս տեսնել 360 աստիճանի համայնապատկերներ: Այն հնարավոր կլինի օգտագործել տարբեր ոլորտներում՝ խաղայինից մինչև հեռահաղորդակցային ու բիզնես:
Հայտնի է, որ ավելի վաղ Facebook-ը ներկայացրել էր Oculus Rift վիրտուալ իրականության սարքը, որն աշխատելու համար համակարգիչ է պահանջում և արժե 499 դոլար: Մինչդեռ Oculus Go-ն դրա ավելի պարզ տարբերակն է: