Թրամփը հայտարարել է, որ հանդիպել է Վիրջինյան կղզիների նախագահի հետ, որը հենց ինքն է
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Վաշինգտոնում, հայտարարել է, որ հանդիպել է Վիրջինյան կղզիների նախագահի՝ այսինքն ինքն իր հետ, հայտնում է CNN-ը:
«Ես ասեմ ձեզ, ես մեկնեցի Տեխասից, Ֆլորիդայից, Լուիզիանայից և գնացի Պուերտո Ռիկո ու հանդիպեցի Վիրջինյան կղզիների նախագահի հետ»,- հայտարարել է Թրամփը Values Voter Summit համաժողովի ժամանակ: Այնուհետև նա հավելել է, որ «Վիրջինյան կղզիները և նրա նախագահն անհավանական մարդիկ են»:
Ամերիկյան Վիրջինյան կղզիներն ԱՄՆ կառավարման ներքո է գտնվում: Ինչպես նշում է հեռուստաալիքը, նախագահը նկատի է ունեցել նահանգապետ Քենեթ Մեպին: Թրամփի ելույթի պաշտոնական սղագրությունում նրա խոսքը փոխվել է «նահանգապետի»:
Դա Թրամփի առաջին «աշխարհագրական» վրիպակը չէ. ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում աֆրիկյան երկրների առաջնորդների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը Նամիբիան երկու անգամ «Նամբիա» էր անվանել՝ նոր երկիր հորինելով։