Վերնիսաժի կրակոցների գործով կալանավորվածն առողջական խնդիրներ ունի. փաստաբան
Վերնիսաժի կրակոցների գործով կալանավորված Ռաֆիկ Խաչատրյանն առողջական խնդիրներ ունի, սակայն քրեակատարողական հիմնարկը հրաժարվում է անգամ նրան հետազոտելուց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռաֆիկ Խաչատրյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը:
«Ռաֆիկ Խաչատրյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և դեռևս սեպտեմբերի 25-ին դիմել է բուժկետ, որպեսզի բուժօգնություն ցուցաբերեն, սակայն որևէ բան չի արվել: Այնուհետև ես երկու անգամ դիմել եմ, երեկ էլ դիմում եմ գրել, որ Խաչատրյանին հետազոտեն և տեսնենք, թե նա ինչ խնդիրներ ունի: Նրա ինքնազգացողությունը լավ չէ, գոնե հետազոտեն պատճառն իմանալու համար, սակայն դա էլ չեն անում»,-ասաց փաստաբանը:
Ինչ վերաբերում է մեղադրանքն ընդունելուն կամ չընդունելուն, Ֆարմանյանն ասաց, որ ինքնազգացողության վատ լինելու պատճառով այդ մասով որևէ գործողություն չի կատարվել:
Նշենք, որ Ռաֆիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու կամ ավելի անձանց սպանության փորձ, ինչպես նաև ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով զենք կրելը, փոխադրելը կամ պահելը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Երևանում հնչած կրակոցների հետևանքով մեկ անձ մահացել էր, վիրավորվել էր Ալավերդիում քրեական հեղինակություն, 1978 թվականին ծնված Վահագն Աբգարյանը:
Մյուս կասկածյալները՝ 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանը և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովը հետախուզվում են: