Ռուսական կամ այլ օտարերկրյա համարանիշերով խախտում անողներին չպետք է թողնեն երկրից դուրս գալ. Ա. Եփրեմյան
Ռուսական կամ օտարերկրյա այլ համանիշներով մեքենաներին խախտումներ թույլ չտալու համար «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը ծրագրային չնչին ծախս է պետք կատարի: Հայաստան մուտք գործող մեքենաները պետք է գրանցվեն և տուգանք ունենալու դեպքում այդ մեքենաներին թույլ չտրվի երկրից դուրս գալ, քանի դեռ տուգանքի վճարումը չի կատարված: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության համակարգող Արմեն Եփրեմյանը:
Նա համոզված է՝ այսպիսի բազայի մշակումից հետո օտարերկրյա համարանիշներով մեքենաների խախտումների հետ կապված խնդիրը կկարգավորվի:
«Օտարերկրյա համարանիշներով մեքենաները վերահսկողության տակ պետք է լինեն, որովհետև առաջին հերթին դրանք վտանգ են ներկայացնում հասարակության համար: Խաչմերուկներում բարձիթողի վիճակ է, ով ոնց ասես քշում է: Տեսահսկվող խաչմերուկներում կարմիր լույսի տակով են անցնում, բավականին բարձր արագությամբ են երթևեկում, նույնիսկ անցնում են հանդիպակաց երթևեկության գոտի»,- ընդգծեց նա:
Արմեն Եփրեմյանի համոզմամբ՝ այդպիսի խախտումներ են անում ոչ միայն ոչ միայն ռուսական պետհամարանիշներով մեքենաները, այլև վրացական, եվրոպական, տրանզիտ մեքենաները: Այլ խնդիր է նաև դեսպանատան մեքենաների «անպատժելիությունը», ինչպես նաև կեղծ համարանիշերի օգտագործումը:
Ըստ նրա՝ օրենքի գերակայություն պետք է լինի բոլորի համար, կապ չունի Հայաստանի, Ռուսաստանի, թե դեսպանատան մեքենա է:
«Ես օրինակ ամեն օր աշխատանքի գնալուց նույն մեքենան տեսնում եմ և նա տեսահսկվող խաչմերուկներում այնպես է վարում, որ 100 տոկոս գիտես տուգանքը չի վճարում: Չեմ հասկանում, ինչպես կարող է նա գնալ և չտուգանվել: Ուրեմն տեսանկարահանողները արտոնյալների ցանկ ունեն: Կարծում եմ՝ առաջինը այս խնդիրը պետք է լուծվի»,- նշեց Արմեն Եփրեմյանը: