Հս. Կորեան կարող է մի քանի ամսից միջուկային զենք կիրառել ԱՄՆ-ի դեմ. ԿՀՎ
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան արդեն մի քանի ամսից հնարավորություն կունենա միջուկային զենք կիրառել Միացյալ Նահանգների դեմ:
Ինչպես նշում է washingtonexaminer.com կայքը, Պոմպեոն ընդգծել է, որ այժմ ոչ միայն ԱՄՆ-ն, այլև ամբողջ աշխարհը պետք է ջանք գործադրի Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընին նման հնարավորությունից զրկելու համար:
«Այժմ նրանք իրենց նպատակին ավելի մոտ են, քան 5 տարի առաջ: Ենթադրում եմ, որ 5 ամիս հետո նրանք ներկայիս կետից ավելի առաջ անցած կլինեն: Դա միջազգային հանրության կողմից Փհենյանի նկատմամբ պատշաճ ճնշում չգործադրելու հետևանք է»,-ընդգծել է Պոմպեոն:
Հայտնի է, որ Փհենյանի ու Վաշինգտոնի միջև լարվածությունն ավելի է խորացել Միացյալ Նահանգների ու Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների ֆոնին: Հյուսիսային Կորեան մտահոգված է ամերիկյան սպառնալիքով ու այդ պատճառով զարգացնում է երկրի միջուկային, հրթիռային ներուժը:
Ավելի վաղ Չինաստանն ու Ռուսաստանն առաջարկել են Փհենյանին վերջ տալ միջուկային ու հրթիռային փորձարկումներին, իսկ Սեուլին ու Վաշինգտոնին կոչ էր արվել իրավիճակն առավել չբարդացնելու համար զերծ մնալ զորավարժությունների անցկացումից: