Կարիբյան ծովում Երկրորդ համաշխարհայինի նավի և ութոտնուկի քանդակի շնորհիվ ցանկանում են նոր էկոհամակարգ ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)
2017 թվականի ապրիլին Կարիբյան ծովում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիների մոտակայքում, ջուրն են սուզվել ութոտնուկի տեսքով ծովահրեշի հսկայական քանդակն ու Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած նավը, ինչի նպատակը կորալյան նոր էկոհամակարգ ստեղծելն է:
Bored Panda-ի հաղորդմամբ՝ BVI Art Reef կոչվող նախագիծը Unite B.V.I. հասարակական կազմակերպության աշխատանքն է, որը համագործակցել է մի շարք այլ կազմակերպությունների հետ:
«Նախատեսվում է, որ կարճ ժամանակահատվածում նավն ու քանդակն անհամար ծովային արարածներ կգրավեն: Ամեն ինչ՝ սկսած կորալներից մինչև ծովային սպունգներ, շնաձկներ և կրիաներ, կապրեն ավերակի վրա, մեջ և շուրջը», - պատմել է նախագծի՝ շրջակա միջավայրի վրա գործած ազդեցության գնահատման ղեկավար Քլայվ Պետրովիչը:
Նախագծի կազմակերպիչների համաձայն՝ նավը և պողպատե քանդակը կզարգացնեն զբոսաշրջությունը Բրիտանական Վիրջինյան կղզիներում և նոր սերնդին կոգեշնչեն պահպանել օվկիանոսը:
Նշվում է, որ նավը նախապատրաստվել և մաքրվել է ամենաբարձր չափանիշներին համապատասխան, որպեսզի այնտեղ ապահով լինի դայվինգով զբաղվելը:
Լուսանկարներից բացի, ներկայացվել է Ռոբ Սորենտիի վավերագրական ֆիլմի թրեյլերը, որի շնորհիվ կարելի է պատկերացում կազմել նախագծի մասին: