Քիրքուքում իրաքյան բանակի ու քրդական ուժերի միջև բախումներ են տեղի ունենում. լրատվամիջոցներ
Իրաքյան Քիրքուքում բախումներ են գրանցվել քրդական «փեշմերգա» ուժերի և բանակի միջև, այս մասին հայտնում է թուրքական haber7.com կայքը:
Նշվում է, որ այն բանից հետո, երբ Իրաքի բանակը ետ վերցրեց քրդերից թուրքմենաբնակ, քրդաբնակ ու արաբաբնակ Քիրքուքը, քրդական ուժերը Էրբիլ-Քիրքուք մայրուղու հատվածում զորքեր են կուտակել, մայրուղու տարածքում փորվել են խրամատներ: Բացի այդ՝ «փեշմերգա»-ն այստեղ է տեղափոխել նաև զրահապատ մեքենաներ:
Նշենք, որ Իրաքի բանակի ու շիական «Հաշդի Շաբի» խմբավորման՝ Քիրքուքի վրա կազմակերպված գրոհից ու քրդական «փեշմարգա» ուժերի զանգվածային նահանջից հետո ականատեսները վկայել էին, որ նույն օրը քաղաքը լքել է մի քանի տասնյակ հազար քուրդ:
Հիշեցնենք, որ օրերս Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգա»-ն զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:
Քիրքուքը պաշտոնապես Իրաքյան Քրդստանի մաս չի կազմել, սակայն տեղի քրդերը մասնակցել են անկախության հանրաքվեին: