Ուկրաինայից և Չեխիայից հայերը դիմելու են ԿԳ և Սփյուռքի նախարարություններին՝ հայկական հեռուստատեսային կոնտենտը փոխելու համար
Ուկրաինայի, Չեխիայի հայ համայնքի անունից մի խումբ երիտասարդներ բարձրացնում են սփյուռքում հայկական հեռուստատեսային գիտահանրամատչելի հաղորդումների հիման վրա հայ մշակույթին, պատմությանը, աշխարհագրությանը, լեզվին ծանոթանալու հիմնախնդիրը։
Նրանք պատրաստվում են դիմել ՀՀ ԿԳ և Սփյուռքի նախարարություններին, ինչը հնարավոր չէ այն հեռուստակոնտենտի առումով, որը հեռարձակվում է Սփյուռքում:
Մասնավորապես, Tert.am –ի հետ զրույցում Ուկրաինայում բնակվող Կարեն Աղաջանյանն ասաց.«Մենք ուզում ենք, հայկական հեռուստատեսությամբ ցույց տան հայերեն պրոդուկտ` հայերի համար պատրաստված։ Ուզում ենք, երեխաները կարողանան ինչ–որ մի նոր բան սովորել, չկտրվել, հայրենիքի մասին իմանան, ոչ թե նայեն հնդկական կինոներ ու ռուսական բոևիկներ։ Ավելի լավ չէ՞, որ ցույց տան ասենք` հայ զինվորն ով է, Հայաստանն ինչ է, ինչ մեծ մարդիկ կան այնտեղ, հայերեն սովորեն»:
Կարեն Աղաջանյանը կոնկրետ չնշեց, թե որ հեռուստաընկերությունից է դժգոհ, միայն փաստեց`հեռուստատեսային արտադրանքից։
«Մենք ուզում ենք, որ այն, ինչ ցույց է տրվում Հայաստանում դա ցույց չտան, ուրիշ բան ցույց տան, թե չէ երբ միացնում ես կամ այդ կինոներն են, կամ նորություն, կամ սերիալներ, կամ էլ ինչ-որ հաղորդումներ`ոնց ճաշ եփել, չգիտեմ ինչ»,-հստակեցրեց ուկրաինահայը։
Նա 4 տարեկանում արտագաղթել է Հայաստանից և արդեն շուրջ 2 տասնամյակ բնակվում է Ուկրաինայում:
Կարեն Աղաջանյանը նշում է, որ նման մտահոգություններ կան ոչ միայն Ուկրաինայում բնակվող հայ համայնքի (ըստ նրա՝ այնտեղ 500 հազարի չափ հայ է այսօր բնակվում ), այլև Չեխիայի համայնքի շրջանում: