Բացթողումների շտկումը կարևոր է ժողովրդավարության համար. Մարգվելաշվիլին՝ ՏԻՄ ընտրությունների մասին
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, խոսելով շաբաթ օրն անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին, հայտնել է, որ Վրաստանի ժողովրդավարության համար չափազանց կարևոր է վերացնել ընտրությունների ընթացքում ի հայտ եկած խնդիրները, հայտնում է Грузия Online-ը:
«Վրաստանում կայացել են 2017 թվականի ՏԻՄ ընտրությունները: Ընդհանուր առմամբ, ընտրություններն անց են կացվել հանգիստ մթնոլորտում, սակայն շատ բացթողումներ են եղել, որոնց վերացումը չափազանց կարևոր է Վրաստանի ժողովրդավարության համար: Ես շնորհավորում եմ ինքնակառավարվող քաղաքներում ընտրված քաղաքապետերին, հաղթած կուսակցություններին և մեծամասնական թեկնածուներին: Նրանց ցանկանում եմ հաջող գործունեություն, իսկ ընտրություններում ստացած ժողովրդի աջակցությունը պետք է արտահայտվի այդ մարդկանց խնդիրների կարգավորման մեջ»,- ասել է Վրաստանի նախագահը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել միջազգային և տեղական դիտորդական առաքելություններին՝ ինքնակառավարման մարմինների ընտրությունների նկատմամբ ցուցաբերած մեծ հետաքրքրության և որակյալ մոնիթորինգի համար:
«Հուսով եմ, որ ընտրությունների երկրորդ փուլը նույնպես կանցնի հանգիստ մթնոլորտում, և ընտրողների ակտիվությունը մեծ կլինի»,- ասված է նախագահի հայտարարությունում:
Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կայացել են հոկտեմբերի 21-ին: Համաձայն ընտրությունների նախնական արդյունքների՝ իշխող «Վրացական երազանք»-ը հաղթանակ է տարել գրեթե բոլոր մարզերում։