Ինքնախաբեությամբ էինք զբաղվում, չարդարացված ծախս է. Վիգեն Սարգսյանը՝ բանակի կազմից սպորտվաշտը հանելու մասին
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հարցրեց, թե ինչու է նպատակահարմար գտնվել բանակի կազմից սպորտվաշտը հանել:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանեց, թե սպորտվաշտն ըստ էության մեծ խնդիր է բանակի համար:
«Սպորտվաշտ նշանակում է, որ մի շարք քաղաքացիներ զորակոչվում են, իսկ պետությունը ծախսեր է անում»,- ասաց նախարարը և նշեց, որ դա հսկայական ծախս էր պետության համար, իսկ մյուս կողմից էլ այդ զինվորները փաստացի չէին ծառայում, գտնվում էին մարզումների մեջ:
«Ինքնախաբեությամբ էինք զբաղվում: Նրանք զորամասում չէին լինում, դա բացարձակ չարդարացված ծախս է»,-ընդգծեց նա։
Նախարարը նշեց, թե քննարկել են Օլիմպիական կոմիտեի հետ և կառավարություն առաջարկ է ներկայացվել, որ այն զորակոչիկները, ովքեր օլիմպիական չեմպիոն են դարձել, կամ զբաղեցրել 1-4-րդ տեղերը, 3 տարով տարկետում կստանան, հաջորդ անգամ նորից հաջողություն գրանցելու դեպքում էլի կստանան տարկետում, եթե ոչ՝ կզորակոչվեն բանակ: