Նրանց, ովքեր պատրաստ չեն երկարաժամկետ ծառայության, հնարավորություն կտրվի 20 տարվա փոխարեն 10 տարով պայմանագիր կնքել. Վիգեն Սարգսյան
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը կարծիք հայտնեց, որ երկու եղբայրների՝ միևնույն վաշտում ծառայելու խնդրին բանակը չպետք է միջամտի։
«Երկու եղբայրների ծառայելու դեպքում բանակը պետք է չփորձի միջամտել դրան, օրենքը պիտի միջամտի»,-նշեց պատգամավորը: Ըստ նրա՝ գուցե ծնողը չի ցանկանում, որ իր երկու տղաներն էլ ծառայեն առաջնագծում։
Հիմնական զեկուցող, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նկատեց, որ 18 տարեկան պատանին, ով զորակոչվել է բանակ, որին տրվում է զենք ու վստահվում է սահմանի պաշտպանությունը, իրավունք ունի որոշում կայացնելու՝ ուզո՞ւմ է եղբոր մոտ առաջնագծում ծառայել, թե ոչ։
«Իր հետ կապված հարցերի որոշումը իրեն պետք է վստահենք։ Ինքը ծնողի հետ կխորհրդակցի, թե ոչ՝ իր ու ընտանիքի գործն է», - նշեց նախարարը։
Նշենք, որ օրենքով սահմանվում է, որ եթե ավագ եղբոր ծառայությունը 17 ամիսը չի գերազանցում, ապա ցանկացած պահին կրտսեր եղբայրը կարող է գնալ նույն զորամաս ծառայելու։
Ցոլակյանը նաև անդրադարձավ այն հարցին, որ ի տարբերություն 20 տարվա ծառայության պայմանագրի, 10 տարով ՊՆ-ի հետ պայմանագիր կնքելու և ծառայելու դեպքում տվյալ անձինք թոշակ չեն ստանա։
«10 տարի ծառայություն դեպքում սպան թոշակ չի ստանում, դա պրոբլեմ է առաջացնում։ Մենք գիտենք, որ սպան թոշակ ստանում է միայն 20 տարի ծառայության դեպքում», - նշեց պատգամավորը։
Նախարարն էլ նկատեց, որ 18 տարեկանը լրացած անձանց պետք է ընտրելու հնարավորություն տալ, քանի որ նրանց շատերը կարող է պատրաստ չլինեն երկարաժամկետ ծառայության։
Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ ի տարբերություն 20 տարվա ծառայության՝ 10 տարի ծառայելու դեպքում սպան կարիք չի ունենա ժամանակից շուտ խզել պայմանագիրն ու բացասական հոդվածով զորացրվել։
Նախարարի համոզմամբ` սպաների համար նախատեսվող արտոնությունները լրացուցիչ խթան կհանդիսանան, որ քաղաքացիները երկարաժամկետ պայմանագրեր կնքեն։