Թուրքիայի խոշոր քաղաքների քաղաքապետերը հրաժարվում են ենթարկվել Էրդողանին ու հրաժարական տալ
Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքների՝ մասնավորապես մայրաքաղաք Անկարայի, Բուրսայի և Բալըքեսիրի քաղաքապետերը հրաժարվում են ենթարկվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարգադրությանն ու լքել իրենց պաշտոնները, հաղորդում է CNN Türk-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրդողանը պահանջել է իր կուսակից 30 քաղաքապետի հրաժարականը:
Էրդողանը, պատասխանելով Անկարայի քաղաքապետի հնարավոր հրաժարականի մասին թուրքական մամուլում երկար ժամանակ արծարծվող հարցին, պաշտոնապես հաստատել է. «Պարոն Մելիհ Գյոքչեքին նույնպես այս մասին տեղեկացվել է: Եթե դիմադրի՝ վերջը վատ կլինի»:
Լրատվամիջոցները նշում են, որ Անկարայի քաղաքապետը ցանկացել է վերջին անգամ հանդիպել ու խոսել նախագահ Էրդողանի հետ: Միևնույն ժամանակ, Թուրքիայի՝ մեծությամբ չորրորդ քաղաք Բուրսայի քաղաքապետ Ռեջեփ Ալթեփեն կտրականապես հրաժարվել է զբաղեցրած պաշտոնը լքելուց: Նույն կերպ հրաժարականի դիմում ներկայացնել չի պատրաստվում նաև հայտնի զբոսաշրջային կենտրոն ծովափնյա Բալըքեսրի քաղաքապետ Էդիփ Ուղուրը:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն այս առիթով հայտարարել է, որ կսպասի քաղաքապետերի հրաժարականներին՝ նրանց մինչև այս ամսվա վերջ ժամանակ տալով: