Գործադիրը հավանություն տվեց խոշտանգումներից տուժած անձանց` հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգին և պայմաններին
Այսօր Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության հավանությանը ներկայացրեց Խոշտանգումներից տուժած անձանց` հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները սահմանելու մասին որոշման նախագիծը:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ խոշտանգումներից տուժած անձանց վերաբերյալ օրենսդրությունը արդեն նախատեսել է մի քանի ուղղությամբ աջակցություն` նյութական վնասի հատուցումը, ոչ նյութական վնասի հատուցումը, այսինքն` բարոյական վնասի, ինչպես նաև ռեաբիլիտացիան:
«Ռեաբիլիտացիան երեք ուղղությամբ տարվող աշխատանք է`իրավաբանական օգնությունն է, բժշկական օգնությունը, այդ երկու հարցը կարգավորված են։ Հիմա կարգավորում ենք հոգեբանական օգնության հարցը: Այսինքն` այս նախագիծը վերաբերում է խոշտանգումներից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգին և պայմաններին»,-ասաց նա:
Ըստ նախագծի հիմնավորման`դրա ընդունումը կնպաստի խոշտանգումից տուժած անձանց՝ ռեաբիլիտացիայի իրավունքի բաղադրատարր հանդիսացող հոգեբանական ծառայություններից անվճար օգտվելու հնարավորության լիարժեք և անշեղ իրացմանը: