Ամերիկացի 14 սենատոր Թուրքիայի իշխանություններին քննադատող նամակ է փոխանցել Թրամփին
Ամերիկացի 14 սենատոր, այդ թվում՝ Ջոն Մաքքեյնն ու Ռոբերտ Մենենդեսը, Թուրքիայի իշխանություններին քննադատող նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, այս մասին տեղեկանում ենք DHA գործակալությունից:
Սենատորները նախագահի ուշադրությունն են հրավիրել Թուրքիայում օրենքի գերակայության դեմ կատարված անուղղակի հարձակումներին ու նշել, որ այդ երկրում ժողովրդավարությունը լուրջ վտանգի տակ է:
Նամակում հատուկ շեշտվել է Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի կալանավորման և հյուպատոսության մեկ այլ աշխատակից՝ Մեթե Ջանթյուրքի ընտանիքի անդամների ձերբակալության փաստը:
«Օգտագործելով երկրում սահմանված արտակարգ դրությունը՝ իշխանությունները երկրում սահմանափակում են ազատ խոսքի իրավունքը և դատական համակարգի չեզոքությունն ու անկախությունը, լռեցվում է ընդդիմության ձայնը, այս ամենով նրանք լուրջ էրոզիայի են ենթարկել թուրքական ժողովրդավարությունը: Այս ամենի հետ մեկտեղ՝ ձերբակալվել է մեր հյուպատոսության աշխատակիցն ու մեկ այլ աշխատակցի ընտանիքը, Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչներ, ամերիկյան The Wall Street Journal պարբերականի թղթակիցը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման», - ասվում է նամակում:
Բացի այդ՝ սենատորները բողոքել են, որ Էրդողանը բռնության ալիքը փոխադրել է նաև ԱՄՆ՝ հիշեցնելով Թուրքիայի նախագահի թիկնազորի մասնակցությամբ հայտնի ծեծկռտուքի մասին:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը հարձակման էր ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից։ Տեղի ունեցած բախումների հետևանքով ինը մարդ էր վիրավորվել, նրանք տեղափոխվել էին հիվանդանոց: Ցույցը կազմակերպել էին մի շարք կազմակերպություններ, որոնց թվում են եղել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և Ամերիկյան հելենական խորհուրդը: Ցույցին մասնակցել են մի շարք այլ խմբեր, որոնց թվում են եղել հայկական, հունական, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներ: