Միջանցքներում մուրած արտահայտություններից կիսաեզրակացություն անող լրագրությունը «ֆաստ ֆուդի» նման մի բան է. Վիգեն Սարգսյան
Լրագրությունը հսկայական դեր ունի Հայաստանի կայացման, քաղաքացիական հասարակության կայացման գործում:
Այս մասին այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ես երբեք չեմ խուսափել լրագրողների հետ շփումներից: Ես սիրում եմ մտածված լրագրություն, ես սիրում եմ խորքային լրագրություն, ես համարում եմ, որ լրագրությունը հսկայական դեր ունի մեր երկրի կայացման, մեր քաղաքացիական հասարակության մեջ: Կարծում եմ, որ միջանցքներում մուրած կամ կորզած արտահայտություններից կիսաեզրակացություն անող լրագրությունը fast food-ի նման մի բան է»,-ասաց նախարարը:
Նախարարն ասաց, որ ինքը չի սիրում նման վերաբերմունք գործին, դրա համար ունի ասուլիսների ձևաչափ, ունի բավականին լուրջ մամուլի ծառայություն, որը երբեք չի մերժել լրագրողներին հարցազրույցներ և պարզաբանումներ տալ. «Ես հասկանում եմ, որ ձեզ հեշտ է աշխատել ոտքի վրա, այդպես ժամանակ քիչ եք ծախսում»:
Դիտարկմանը, թե նախարարը լրագրողներին անտակտ է անվանել, այնինչ սահմանային լարվածության մասին հարց է եղել և կարող էր մեկ նախադասությունով պատասխանել, Վիգեն Սարգսյանն ասաց. «Անտակտ խոսքը վիրավորական չէ, անտակտը գնահատական է, դուք ձեր հարցում քսան հատից ավելի վիրավորական խոսք ասացիք, ուղղակի չեք նկատում»: