Թուրքիայում նորաբաց ազգայնական կուսակցության դեմ դատական գործ է հարուցվել. երկրի թուրքմենները պահանջում են փակել այն
Թուրքիայում իր գործունեությունը սկսած նոր ազգայնական կուսակցության դեմ արդեն հասցրել են դատական գործ բացել և պահանջել դրա փակումը, այս մասին տեղեկանում ենք demokrathaber.org կայքից:
Բանն այն է, որ «Լավ կուսակցություն» անվանումով կուսակցությունը որպես իր դրոշ ընտրել է հայտնի ժայռապատկերային նկարը, որը պատկանում է թյուրք-օղուզական 24 ցեղերից մեկին, որից, ըստ ավանդույթի, սերել են օսմանները:
Ժայռապատկերի գծերը նմանեցվել են կուսակցության անվան «Լավ»՝ «Իյի» բառի գրությանը և դարձվել կուսակցական նշան և դրոշ:
Այս ամենը զայրացրել է հատկապես Թուրքիայի տարածքում գործող թուրքմենական բազմաթիվ միությունների, որոնք օգտագործում են թյուրք-օղուզական այս նշանը:
Բուրսա քաղաքի թուրքմենական միություններից մեկը դատի է տվել նորաստեղծ կուսակցությանը՝ մեղադրելով իրենց միութենական նշանն օգտագործելու համար, և պահանջել փակել կուսակցությունը:
Թուրքմեն քաղաքացիները պնդել են, որ իրենց կարող են նույնականացնել այս կուսակցության անդամների հետ, ինչն էլ իր հերթին կարող է դառնալ հասարակության մեջ իրենց հանդեպ խտրական վերաբերմունքի պատճառ: