Ռուսաստանն ընդլայնել է արևմտյան երկրների դեմ պատժամիջոցների ցանկը
Ռուսաստանն ընդլայնել է արևմտյան երկրների դեմ պատժամիջոցների ցանկը՝ արգելելով ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Կանադայից և մի շարք այլ երկրներից կենդանի խոզերի և ենթամթերքների ներկրումը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով կառավարության կայքում հրապարակված որոշումը:
«Ռուսաստան ներկրման համար արգելված գյուղատնտեսական արտադրանքի, հումքի և մթերքի ցանկում են ներառվել կենդանի խոզերը, ինչպես նաև ենթամթերքների և գյուղատնտեսական կենդանիների ճարպերի առանձին տեսակներ: Ապրանքների ներկրման համար սահմանված սահմանափակումները չեն անդրադառնա Ռուսաստանի ներքին պահանջարկի ապահովման վրա»,- նշված է փաստաթուղթն ուղեկցող բացատրական գրությունում:
Սննդամթերքի էմբարգոյի ընդլայնված ցանկը գործելու է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Ալբանիայի, Չեռնոգորիայի, Իսլանդիայի և Լիխտենշտեյնի նկատմամբ:
Հուլիսին Ռուսաստանի իշխանությունները երկարաձգել էին սննդամթերքի էմբարգոյի նախկին տարբերակը մինչև 2018 թվականի վերջ: Հիշեցնենք, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն և մի շարք պետություններ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ 2014 թվականին Ղրիմի անեքսիայի պատճառով: