Թուրքիայում նախագահական պալատի անվտանգության համար կհատկացվի ավելի քան 22 մլն դոլար
Թուրքիայի 2018 թվականի բյուջեից ավելի քան 22 մլն դոլար կհատկացվի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պալատի անվտանգությունն ապահովելու համար, այս մասին հայտնում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Էրդողանի պալատի պահպանության համար հատկացված գումարը վերջին շրջանում աճել է գրեթե 3 անգամ:
Այդպես՝ 2016 թվականին անվտանգության համար տրամադրված 27 մլն 783 հազ. թուրքական լիրայով չբավարարված նախագահական պալատին 2017 թվականի պետական բյուջեից տրամադրվեց 59 մլն 547 հազ. լիրա: Այս գումարի հիմնական մասը՝ 51 մլն 69 հազարը, պալատը ծախսեց տարվա առաջին 7 ամսվա ընթացքում:
2018 թվականին նախագահական պալատին անվտանգության ապահովման համար կտրամադրվի ռեկորդային գումար՝ 83.5 մլն թուրքական լիրա, այսինքն՝ ավելի քան 22.5 մլն ԱՄՆ դոլար:
Նախօրեին հայտնի է դարձել, որ նախագահի աշխատավարձը 2018 թվականին 53.250 թուրքական լիրայից կհասնի 59.000 լիրայի, ինչը շուրջ 16.000 ԱՄՆ դոլար է: