Իրաքյան բանակի ու քրդական «փեշմերգա»-ի միջև զինադադար է հաստատվել. Rudaw
Իրաքի բանակի և քրդական «փեշմերգա» ուժերի միջև զինադադար է հաստատվել, այս մասին քրդական Rudaw հեռուստաալիքի եթերում հայտնել է Իրաքի և Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործող ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի խոսնակ գնդապետ Ռայան Դիլոնը:
Քրդական աղբյուրին տված հարցազրույցում Դիլոնը նշել է, որ ըստ իրենց ունեցած տեղեկատվության՝ զինադադար է հաստատվել, ԱՄՆ կոալիցիոն ուժերը նաև կոչ են արել կողմերին զինադադարը հնարավորինս երկար պահել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգան» զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:
Իրաքի բանակը դուրս է մղել քրդական ուժերին Քիրքուքից, ինչպես նաև Հանեքինի, Մոսուլի Մահմուր, Բաշիքա շրջաններից, Շենգալից (Սինջար) և այլն: