Մեծամորի Ատոմակայանն ամեն տարի անցնում է անվտանգության վերանայման գործընթաց. Մ Լիպար
Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նիստի հիմնական թեման Ատոմակայանի անվտանգության բարձրացումն է: Այսօր ԱԷԱԽ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Միրոսլավ Լիպարը: Նրա խոսքով՝ խորհրդի անդամներին հետաքրքրում է նաև շահագործման արդյունքներն ու Ատոմակայանի հետագա գործունեությունն աշխատանքի դադարից հետո:
«Այսօր կրկին քննարկվել են Ատոմակայանի շահագործման երկարաձգման հարցեր ու դրա գնահատումը»,- ասաց նա:
Հարցին՝ ինչպես կգնահատի Ատոմակայանի անվտանգության մակարդակը, Միրոսլավ Լիպարը պատասխանեց. «Ատոմակայանն ամեն տարի անցնում է անվտանգության վերանայման գործընթաց: Անվտանգության խորհուրդը կատարում է անվտանգության բարելավման աշխատանքներ՝ տարբեր փուլերում անվտանգության պլանավորման և կատարման միջոցով: Ես կարող եմ հաստատել, որ Հայաստան են գալիս բազմաթիվ միջազգային առաքելություններ, որոնք այցելում են ատոմակայան: Նման առաքելությունը չի կարող տալ եզրակացություն, որ ամեն ինչ 100 տոկոսով անվտանգ է, բայց իրենք կարող են տալ համապատասխան խորհուրդներ, ինչպես նաև կարող են անվտանգություն բարձրացմանը միտված առաջարկներ անել»:
Միրոսլավ Լիպարը նշեց, որ անվտանգության բարձրացումը կատարվում է՝ հիմնված այն պետությունների փորձի վրա, որոնք ունեն նմանատիպ ատոմակայանի շահագործման փորձ: Նրա խոսքով՝ իրականում ատոմակայանների աշխատանքի երկարաձգումը համարվում է ստանդարտ գործընթաց:
«Օրինակ՝ ԱՄՆ-ում ռեակտորի կյանքը հնարավոր է երկարացնել ևս 20 տարով՝ հասցնելով 60 տարվա: Սլովակիայում ու Հայաստանում շահագործման ժամկետը 30 տարի է կազմում՝ հնարավորություն ունենալով ևս 10 տարով երկարաձգել, որից հետո կարել է դատել ՝ հնարավո՞ր է շարունակել շահագործումը, թե ոչ: Այս գնահատումների ժամանակ Ատոմակայանը որպես ամբողջական երևույթ է գնահատվում, և դրա անվտանգության հետ կապված բոլոր երևույթները մանրամասն զննվում են»,- շարունակեց Միրոսլավ Լիպարը:
Վերջինս գնահատմամբ՝ Ատոմակայանի անվտանգության համար առաջնային է կոնտուրի խողովակաշարերի և փականների զննումը, ինչը, ըստ նրա, 100 տոկոսով արվում է: