Աֆրիկայում առյուծները փրկել են 12-ամյա աղջկան՝ վտարելով չարագործներին
Եթովպիայում երեք առյուծ փրկել է 12-ամյա աղջկա, որին առևանգել էին մի խումբ տղամարդիկ՝ նրան բռնի ուժով ամուսնացնելու նպատակով:
Ինչպես նշում է The Guardian-ը, գիշատիչներն այնքան են վազել տղամարդկանց հետևից, մինչև որ նրանք փախել են:
Պարբերականը մանրամասնում է, որ տղամարդիկ աղջկան մեկ շաբաթ պահել են երկրի հարավ-արևմտյան Կաֆֆա նահանգի հեռավոր անկյուններից մեկում ու անընդհատ ծեծի ենթարկել: Սակայն անսպասելիորեն հայտնված առյուծները չարագործներին հեռու են քշել ու հետո վերադարձել այն վայրը, որտեղ պահվում էր դեռահասը: Նրանք մի ամբողջ օր հսկել են այդ վայրը, մինչև որ ոստիկանները գտել են աղջկան: Այնուհետև գիշատիչներն առանց որևէ վնաս պատճառելու հեռացել են:
«Եթե առյուծները չգային, ամեն ինչ շատ ավելի վատ կլիներ: Շատ հաճախ դեռատի աղջիկներին դաժան ծեծի են ենթարկում ու բռնաբարում՝ ստիպելով ընդունել ամուսնությունը»,-ասել է սերժանտ Վոնդիմու Վենդաջուն:
Վայրի բնության մասնագետ Սթյուարտ Ուիլյամսը բացատրել է, որ առյուծները լացող աղջկա ձայնը շփոթել են կորյունի մլավոցի հետ: Այդ իսկ պատճառով առյուծները նրան պաշտպանել են ու չեն հոշոտել:
Սերժանտը հավելել է, որ առևանգողներից 4-ին հաջողվել է բռնել, մյուս 3-ը հետախուզման մեջ են: