Ուրֆայում թուրք հնագետները հայտնաբերել են 2000 տարվա ժայռափոր դամբարան (լուսանկարներ)
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Ուրֆա նահանգում՝ նահանգի վարչական կենտրոն Ուրֆա քաղաքից ոչ հեռու, թուրք հնագետները հայտնաբերել են ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող ժայռափոր դամբարան, այս մասին տեղեկացնում է arkeolojihaber.net կայքը:
Եդեսիայի թագավորության ժամանակաշրջանին պատկանած այս հսկա դամբարանում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 133 ժայռափոր գերեզման:
Ուրֆայի քաղաքապետ Նիհաթ Չիֆչին լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ ժայռափոր դամբարանն ունի շուրջ 2000 տարվա պատմություն և պատկանում է Եդեսիայի Աբգար թագավորի ժամանակաշրջանին:
2-3 սենյականոց «մինի-դամբարանների» ներսի պատերի վրա հայտնաբերվել են նաև հետաքրքրական մանրանկարներ:
Ավելի վաղ Ուրֆայում հայտնաբերվել էր Եդեսիայի Աբգար Ե թագավորի ընտանեկան դամբարանը: Նշենք, որ Աբգար Ե թագավորը հայտնի է նաև Աբգար Հինգերորդ Ուքքամա անվամբ:
Ըստ ավանդության՝ Աբգար թագավորն ընդունել է քրիստոնեություն՝ դրանով դառնալով Մ.թ. 1-ին դարի առաջին քրիստոնյա թագավորը։ Նա Հայ առաքելական եկեղեցու սրբերից է։ Ըստ խորենացու «Հայոց պատմության»` եղել է Հայոց թագավոր։