Կատարում մեկնարկել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը. բացման խաղում հաղթել է Էկվադորը
Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։
Մրցաշարի բացման խաղում հանդիպել են Կատարի և Էկվադորի հավաքականները։ Հաղթել է Էկվադորը՝ 2։0 հաշվով:
Ֆուտբոլի Աշխարհի 22-րդ առաջնությունը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Կատարում։ Այս երկիրն իր պատմության մեջ առաջին անգամ է ընդունում Աշխարհի առաջնությունը։
Բացի այդ, Աշխարհի առաջնությունն առաջին անգամ է անցկացվում Մերձավոր Արևելքում, ինչպես նաև առաջին անգամ աշնանն ու ձմռանը։
Խաղերը կկայանան 8 ստադիոններում։ Օրինակ՝ դրանցից մեկն աշխարհում առաջին մարզադաշտն է, որն ամբողջությամբ կառուցվել է բեռնարկղերից:
Ամենատարբեր տվյալների համաձայն՝ Կատարում անցկացվող աշխարհի առաջնությունը կդառնա ամենաթանկարժեքը մինչ այս եղածների մեջ։ Դեռ մեկ տարի առաջ մարզադաշտերի, մետրոյի, օդանավակայանների, նոր քաղաքի և նավահանգստի կառուցման ծախսերը գերազանցել էին 200 միլիարդ դոլարը։ Դեռ 2017 թվականին պարզ էր դարձել, որ Կատարը շաբաթական 500 միլիոն դոլար է ծախսելու մրցաշարի նախապատրաստության վրա։ Այս մասին հայտարարել էր երկրի ֆինանսների նախարար Ալի Շարիֆ էլ-Էմադին։ Օրինակի համար նշենք, որ Ռուսաստանը 2018-ի Աշխարհի առաջնության անցկացման վրա ծախսել էր 18 անգամ ավելի քիչ գումար։ Իսկ մրցաշարի շնորհիվ վաստակել ավելի քան 850 միլիարդ ռուբլի։