Կարո Փայլան. Միայն ժողովրդավարական Թուրքիան ի զորու կլինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Արմինֆո.Թուրքիան չի դառնա ժողովրդավարական երկիր, իսկ քրդական հարցն իր լուծումը չի ստանա` առանց այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման: Սեպտեմբերի 19-ին այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը «Հայաստան-Սփյուռք՚ համահայկական 6-րդ համաժողովի հարթակներում` «Հայոց ցեղասպանության ճանաչումը ցեղասպանությունների կանխարգելման քաղաքական և իրավական գործընթացները՚ թեմային նվիրված քննարկման ընթացքում:
Հռետորի կարծիքով, միայն ժողովրդավարական Թուրքիան ի զորու կլինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բացել Հայաստանի հետ սահմանները: Հակառակ դեպքում` ստիպված կլինենք սպասել ոչ մեկ տասնամյակ, նշել է Փայլանը: «Ներկայում Թուրքիան կրկին իր պատմության մութ շրջան է ապրում, 102-ամյա վաղեմության հանցագործությունը շարունակվում է մինչ օրս՚, - նշել է Թուրքիայի խորհրդարանի ներկայացուցիչը:
Ինչպես կարծում է Կարո Փայլանը, այսօրվա դրությամբ Թուրքական Հանրապետությունն ավելի է հեռանում ժողովրդավարությունից, հետընթաց ապրելով ԵՄ հետ հարաբերություններում, ինչի մասին վկայում է նաև վերջերս ընդունված երկրի հիմնական օրենքը: «Թուրքիայի մեջլիսում բազմիցս հայտարարել եմ, որ 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանությունը կարող է կրկնվել առաջարկվող սահմանադրության ընդունման դեպքում: Այսօր մենք ընթանում ենք այդ ուղղությամբ. 100 տարի անց Թուրքիան շարունակում է հանցագործություն կատարել՚, - հայտարարել է Կարո Փայլանը: